ԵՊՀ ՀԽ արտահամալսարանական անդամները գործում են ըստ իշխանության հրահանգի. վերջինս խոսում է բուհական ինքնավարությունից, բայց համալսարանը մնում է քաղաքականացված. Մենուա Սողոմոնյան

18:13 • 27.08.20

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արտահամալսարանական անդամները՝ Կառավարության և ԿԳՄՍՆ-ի քվոտայով նշանակված ներկայացուցիչները, գործում էին մի կենտրոնից՝ իշխանությունից ստացված հրահանգի համաձայն, նրանց գործողությունները հստակ սինխրոնացված էին, հստակ գծագրված սխեմա էր, որ պետք է քվեարկեին Գևորգ Մուրադյանի՝ ՀԽ նախագահ ընտրվելու օգտին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ՀԽ նոր կազմով կայացած առաջին նիստին:

Նրա խոսքով՝ այդպիսի եզրակացություն անելու հիմքն այն էր, որ իր կողմից իրավական բնույթի խախտմանը վերաբերող հարցերը օրակարգ չեն մտել, մինչդեռ դրանք վերաբերում էին կայացվելիք որոշումների լեգիտիմությանը:

«ՀԽ արտահամալսարանական անդամներն իրենց կարգավիճակին համապատասխան դերը լիարժեք չեն պատկերացնում: Շատերի մոտ ես նկատում էի ավելորդ շտապողականություն: Եթե ՀԽ անդամ են, պետք է պատրաստ լինեն հարցերը քննարկել, և գուցե դրա համար ժամեր էլ պետք լինեն:

Որոշները հրաժարվեցին ՀԽ նախագահի պաշտոնում առաջադրվելուց՝ հղում անելով իրենց բազմազբաղությանը: Եթե բազմազբաղ են, ինչո՞ւ են դարձել ՀԽ անդամ. նախագահի ու անդամների՝ համալսարանի գործերով զբաղվածության հարցում էական տարբերություններ չկան: ՀԽ անդամը պետք է պատրաստ լինի ջանք ներդնել, քանի որ խնդիրները շատ են»,-ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ բազմազանությանը հղում անելը ևս ցույց է տալիս, որ ՀԽ աշխատանքները դեռևս ֆորմալ-աշխատանքային բնույթ են կրում:

Սողոմոնյանը համաձայն է այն դիտարկումներրին, որ թեև գործող իշխանությունն անընդհատ խոսում է բուհերի ինքնավարության անհրաժեշտության մասին, կարևորում բուհերի ապաքաղաքական լինելը, սակայն համալսարանը մնում է քաղաքականացված, և որոշումները կայացվում են՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

«Գևորգ Մուրադյանի՝ ՀԽ նախագահի պաշտոնում անցած 1.5 տարվա գործունեությունը վկայում է այդ մասին, բուհի շահերից բխող գործողություններ տեսանելի չեն: Գուցե ընթացակարգային բնույթի ինչ-որ կարգավորումներ եղել են, բայց նրա գործունեությունը չի բխել համալսարանի շահերից, նա ԵՊՀ-ի խնդիրների լուծմամբ չի զբաղվել:

Հրավիրել է նիստեր, որոնց օրակարգի հարցերն ավելի շատ եղել են քաղաքական նկատառումներից ելնելով պատվերներ»,-ասաց Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ թեև իշխանությունները նշում են, որ ՀԽ արտահամալսարանական անդամները կուսակցականներ չեն, բայց դրանից ինչ օգուտ, եթե նրանք ի շահ համալսարանի չեն գործում, ընդհակառակը՝ քաղաքական պատվերով են առաջնորդվում՝ դրանով իսկ հակասելով բուհական ինքնավարության սկզբունքին, տարընկալումներ կան ինքնավարության բովանդակության հարցերում:

«Իրենք ինքնավարությունն ավելի շատ տեսնում են ակադեմիական ինքնավարության շրջանակներում, օրինակ, ուսանողների կողմից առարկաների ընտրություն, որը ևս ինքնավարություն է, բայց ինքնավարությունը միայն այդ մեկ հենասյունը չունի, այն նաև վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, թե կազմակերպությունը որքանով է ինքնավար իր կառույցները սահմանելու, ստորաբաժանումների ղեկավարներին ընտրելու առումով: Դրան կարևորություն չի տրվում»,-ասաց Սողոմոնյանը, ապա շարունակեց.

«ՀԽ-ն վերահսկվում է, բայց նախարարությունը բուհի ռեկտորի գործունեության պատասխանատվությունը չի կրում: Ստացվում է՝ նախարարության նշանակմամբ ռեկտորի ընտրություն է կայանում, բայց նախարարությունը կարող է չկրել բուհի ձախողման պատասխանատվությունը»: