Լուկաշենկոն Լեհաստանին մեղադրել է Գրոդնենսկի մարզը միակցելու մտադրություն ունենալու համար

19:27 • 27.08.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ երկրի Գրոդնենսկի մարզը Լեհաստանին միակցելու ծրագիրը չի հաջողվի իրականացնել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով բելառուս առաջնորդի խոսքը:

«Լսում եք այդ հայտարարություններն այն մասին, որ եթե Բելառուսը փլուզվի, ապա Գրոդնենսկի մարզը կմիանա Լեհաստանին: Նրանք այդ մասին արդեն բացեիբաց են խոսում, քնում և երազում են: Այդ հարցում նրանց մոտ ոչինչ չի ստացվի, դա ես հաստատ գիտեմ»,- ասել է Լուկաշենկոն:

Վերջինս հավելել է, որ երկիրն այժմ հսկայական գումարներ է ծախսում արևմտյան սահմաններին իրավիճակը կայունացնելու համար, ուր մի քանի զորամաս է տեղակայվել:

Լուկաշենկոյի խոսքով՝ «որոշ հարևաններ ակնհայտորեն միջամտում են Բելառուսի գործերին»:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: