Մավրիկիոսի ափերի մոտ ճապոնական նավից ավելի քան 1000 տ վառելիքի զանգվածային արտահոսքի պատճառով կղզու ափ են նետվել ավելի քան մեկ տասնյակ դելֆիններ (լուսանկարներ)
«Գրինփիս» միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպությունը Մավրիկիոսի ափերի մոտ ավելի քան մեկ տասնյակ սատկած դելֆինների հայտնաբերման առնչությամբ կղզի-պետության կառավարությանը կոչ է արել «շտապ հետաքննություն» անցկացնել, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ դելֆինների զանգվածային ոչնչացման պատճառն անցյալ ամիս ճապոնական MV Wakashio նավից ավելի քան հազար տոննա վառելիքի արտահոսքն է եղել։
«Այսօր սարսափելի օր է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են դելֆիններն աղետալի իրավիճակում մոտենում ափին, իսկ հետո սատկում։ Մենք երբեք չենք տեսել, որ այդ չափազանց խելացի ծովային կաթնասունները նման կերպով սատկեն։ Երբե՛ք»,- ասել է շրջակա միջավայրի հարցերով խորհրդատու Սունիլ Դոուարկազինգը։
«Գրինփիս»-ի ներկայացուցիչներն իրենց հաղորդագրության մեջ նշել են, որ «շատ տխուր և տագնապալի օր է Մավրիկիոսի ժողովրդի համար»՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ հետաքննություն անցկացնել։
Ճապոնական MV wakashio-ն հուլիսի 25-ին Հնդկական օվկիանոսի կղզու մոտ բախվել է կորալյան խութին։ Մի քանի օր անց՝ օգոստոսի 6-ին, նավից վառելիքի զանգվածային արտահոսք է նկատվել, ինչից հետո կղզի-պետության կառավարությանը հայտարարել էր արտակարգ էկոլոգիական դրություն։
Որոշ գիտնականներ կատարվածն անվանել են երկրի ամենասարսափելի էկոլոգիական աղետը։ Գիտնականների համաձայն՝ դրա հետևանքները կարող են տասնամյակներ շարունակ ազդեցություն ունենալ Մավրիկիոսի վրա:













