Պոզները մեկնաբանել է Նավալնիի հետ կապված իրավիճակը
Ռուս հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզները Sputnik ռադիոյի հետ զրույցում անհիմն է համարել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման պատճառով ռուս բժիշկների հասցեին հնչող մեղադրանքները։
«Ես չեմ հավատում, որ Օմսկի մեր բժիշկները ստում են, երբ ասում են այն, ինչ ասում են: Չեմ էլ կարծում, որ գերմանացի բժիշկներն են ստում, վստահ եմ, որ նրանք չեն ստում: Ենթադրում եմ, որ այստեղ հարցը տարբեր մոտեցումների մեջ է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պոզները:
Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր մտածող մարդու համար ակնհայտ է, որ ռուսական իշխանությունները ներգրավված չեն կատարվածում:
«Եթե սառը դատենք, ապա Նավալնիի հետ կապված իրավիճակն առավել քիչ շահեկան է ռուսական ղեկավարության համար, քան նրա հետագա գործունեությունը»,- մեկնաբանել է հաղորդավարը:
Իր տեսակետը նա բացատրել է բլոգերին ցուցաբերվող աջակցության ցածր մակարդակով:
Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում է բեռլինյան հիվանդանոցում, որի մասնագետները հայտնել էին բլոգեր թունավորման մասին: Մինչ Գերմանիա տեղափոխվելը նա հոսպիտակացվել էր Օմսկի շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց, ուր նրան տեղափոխել էին արտակարգ վայրէջքից հետո: Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս:










