Համացանցում է հայտնվել Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկացի և ռուս զինծառայողների միջև միջադեպի տեսանյութը, որի հետևանքով ԱՄՆ մի քանի զինծառայող է տուժել (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկացիների և ռուսների միջև միջադեպի տեսանյութը, որի հետևանքով ԱՄՆ մի քանի զինվորական է տուժել․ համապատասխան տեսանյութը հրապարակվել է յութուբյան RusVesna ալիքում։
Տեսանյութում երկու կողմերի դրոշներով միմյանց կողքով արագ ընթացող ռազմական տեխնիկա, ինչպես նաև ուղղաթիռ է պատկերված։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը ռուս զինվորականներին մեղադրել էր Սիրիայում կոնֆլիկտների կանխման համար սահմանված հատուկ կանոնների խախտման համար: Նրա խոսքով՝ ռուսական ռազմական մեքենան բախվել է կոալիցիայի զրահամեքենային, որի հետևանքով անձնակազմի մի քանի անդամ է տուժել։
Ավելի ուշ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովը հայտարարել էր, որ միջազգային կոալիցիային ավելի վաղ տեղեկացրել էին այդ տարածքով ռուսական ավտոշարասյան անցնելու մասին, բացի այդ, ամերիկացի զինծառայողներն իրենք են փորձել ռուսական ուժերի շարժն արգելափակել։










