Շվեյցարական Ալպերում կինն ընկել է սառցադաշտում առաջացած փոսն ու երկու օր ու գիշեր անցկացրել այնտեղ

17:00 • 27.08.20

Շվեյցարական Ալպերում փրկարարները երկու օր ու գիշեր Գրենց սառցադաշտում առաջացած ճեղքվածքն ընկած կնոջ են փրկել․ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Air Zermatt լեռնափրկարարական ծառայությունը։

Նշվում է, որ տուժած անձը Ռուսաստանի քաղաքացի է, որը Գերմանիայում է բնակվում։ Հայտնի է, որ կինն առանց անհրաժեշտ հանդերձանքի, ավելին՝ կիսատաբատով է գնացել սառցադաշտ, որտեղ զբոսանքի ժամանակ պատահմամբ ընկել է 10-15 մետր խորությամբ կիրճը։ 

Նշվում է, որ կինը երկար ժամանակ օգնություն է կանչել, սակայն նրան լսել են միայն երկրորդ օրը՝ պատահմամբ անցնող լեռնագնացները, որոնք էլ հենց փրկարարների են կանչել։

Միջադեպի հետևանքով կինը ոչ լուրջ վնասվածքներ է ստացել, նրա մոտ թեթև ցրտահարություն է ախտորոշվել։

Կնոջ անհետացման մասին որևէ մեկը հաղորդում չի տվել, քանի որ նա միայնակ է սառցադաշտ գնացել։ Փրկարարները հրաշք են անվանել այն, որ կինը կարողացել է փրկվել։