ԱՄՆ բնակիչները չպետք է ընտրություն կատարեն ոստիկանության և աֆրոամերիկացիների միջև․ ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ երկրի բնակիչները չպետք է ընտրություն կատարեն ոստիկանության և աֆրոամերիկացիների միջև, գրում է tampabay.com կայքը։
«Ամերիկացի ժողովուրդը գիտի, որ մեր քաղաքներում ու գյուղերում կյանքի բարելավման համար չպետք է ընտրություն կատարել իրավապահների և աֆրոամերիկացիների աջակցության միջև։ Մեր վարչակազմի առաջին իսկ օրերից մենք ապահովել ենք և՛ այս, և՛ այն։ Մենք պատրաստվում ենք Սպիտակ տանը դա ևս 4 տարի շարունակել»,- հայտարարել է Փենսը Հանրապետական կուսակցության՝ վիրտուալ ձևաչափով համագումարի ժամանակ։
Փոխնախագահը նաև հիշեցրել է Դոնալդ Թրամփի հիմնական մրցակից Ջո Բայդենի՝ ոստիկանության հարցում դիրքորոշումը՝ մեջբերելով ռասսայական խտրականության մասին նրա արտահայտություններն ու իրավապահ մարմինների ֆինանսավորումը կրճատելու մտադրությունը։
«Դառը ճշմարտությունն այն է, որ Ջո Բայդենի գլխավորած Ամերիկայում դուք անվտանգության մեջ չեք լինելու։ Դոնալդ Թրամփի հետ միասին մենք ոստիկանության ֆինանսավորումը չենք կրճատելու»,- ընդգծել է փոխնախագահը։
ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսին ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվում են բողոքի ցույցերը՝ հատկապես այն վայրերում, որտեղ նման դեպքերը կրկնվում են։ Հայտնի է, որ դրանք հիմնականում վերաճում են զանգվածային անկարգությունների ու թալանի։
Հիշեցնենք, որ այս օրերին լարված իրավիճակ է նաև Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցը կրակել և վիրավորել է 29-ամյա Ջեյքոբ Բլեյքին, մինչ վերջինս թիկնած է եղել իր մեքենային, իսկ կողքին երեխաներն են եղել:
Նշվում է, որ անկարգությունների ժամանակ երկու մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։










