«Կնոջ դերի բարձրացումը, նրա ձեռքբերումները և բարեգործական ուղին»․ քննարկում-հանդիպում հայ և էմիրաթցի պաշտոնյա կանանց միջև

16:49 • 28.08.20

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մշակութային նախաձեռնությունների շրջանակներում կազմակերպել է «Կնոջ դերի բարձրացումը, նրա ձեռքբերումները և բարեգործական ուղին» խորագրով հեռավար հանդիպում-քննարկում՝ նվիրված Էմիրաթցի կնոջ օրվան։

Հանդիպման խոսնակներն էին հայկական կողմից ՀՀ արդարադատության փոխնախարար տիկին Քրիստիննե Գրիգորյանը, Բելգիայում ՀՀ դեսպան տիկին Աննա Աղաջանյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, իսկ էմիրաթական կողմից՝ ԱՄԷ Կանանց ընդհանուր միության մայրության և մանկության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ռիմ ալ Ֆալասին, Մոնտենեգրոյում ԱՄԷ դեսպան Նաբիլա Ալ Շամսին, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամին։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամին իր ելույթի ժամանակ ընդգծել է Էմիրությունների ձեռքբերումները կնոջ դերի բարձրացման, գենդերային հավասարության և կնոջ պաշտպանության ոլորտում։ Ինչպես նաև ընդգծել է ԱՄԷ կառավարության ռազմավարությունը, որի նպատակն է 2021թ․-ին ընդգրկվել գենդերային հավասարության ցուցանիշով առաջին 25 երկրների ցանկում։

ԱՄԷ Կանանց ընդհանուր միության մայրության և մանկության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ռիմ ալ Ֆալասին անդրադարձել է ԱՄԷ կանանց ընդհանուր Միության գործունեությանն՝ առանձնահատուկ կերպով ընդգծելով Կանանց ընդհանուր միության ղեկավար, Էմիրությունների մայր շեյխա Ֆատիմա բինթ Մուբարաքի կարևոր դերը Էմիրություններում կնոջ դերի բարձրացման և կանանց կրթության ու մասնագիտության քաջալերման գործում։ «Էմիրաթցի կինը համարվում է հիմնական գործող մասնակից ԱՄԷ զարգացման գործում»,-նշել է նա։

Մոնտենեգրոյում ԱՄԷ դեսպան Նաբիլա ալ Շամսին անդրադարել է կորոնավիրուսի շրջանում կանանց մարտահրավերներին՝ նշելով, որ Էմիրություններում բժշկական անձնակազմի 65%-ը կանայք են, որոնք առաջնագծում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։

Հայկական կողմից Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է հայ կնոջ կերպարին և վերջին տարիներին նրա ձեռքբերումներին, հատկապես քաղաքական ոլորտում։ Ինչպես նաև խոսել է հայ կնոջ առաջ ծառացած մարտահրավերների մասին։

Իր հերթին, Աննա Աղաջանյանն նշել է իր ունեցած ձեռքբերումների մասին՝ անդրադառնալով հատկապես կանանց համար դիվանագիտական ոլորտի դժվարություններին։

Եվ վերջում Լիլիթ Ասատրյանը ներկայացրել է հայ կանանց ձեռքբերումները և դժվարությունները գործարար ոլորտում։

2015թ-ից ի վեր Էմիրությունների մայր շեյխա Ֆատիմա բինթ Մուբարաքի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ը հռչակվել է Էմիրաթցի կնոջ օր։