Առնվազն ազնիվ չէ, որ Գևորգ Մուրադյանն ասում է՝ նախկիններն են ջուր պղտորում. նա եղել է ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու և իր դեմ մեղադրանքներում նախկիններին մեղադրելը զավեշտալի է. Գևորգ Էմին-Տերյան
ԵՊՀ հոգաբարձուների նիստում առաջացած խնդիրներում կա իրավական կողմ, նախ այն, որ Գևորգ Մուրադյանը խորհրդի նախագահ դարձավ 18 ձայնով, որից 16-ը Կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից էր, իսկ համալսարանի 16 ձայնից 2-ը ստացավ, ինչը լեգիտիմության շատ լուրջ խնդիր է ստեղծում նրա համար, որովհետև ստացվում է, որ համալսարանը չի վստահում նրան: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ խոսելով ԵՊՀ հոգաբարձուների նիստի և այնտեղ տեղ գտած բազում խնդիրների մասին:
Դիտարկմանը, թե «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները և որակում է, որ այս ամենը նախկին իշխանությունների կողմից է, Էմին-Տերյանն արձագանքեց.
«Շատ եմ ցավում, որ նախկիններին մեղադրելու քաղաքականությունը շարունակվում է, հատկապես Գևորգ Մուրադյանի դեպքում դա շատ զավեշտալի է, որովհետև նա եղել է Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի խորհրդականը, ՀՀԿ ցուցակով առաջադրվել է, որպես պատգամավորի թեկնածու և իր շուրթերից լսել, թե նախկիններն են ջուր պղտորում, առնվազն ազնիվ չէ»,- ասաց նա:
Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ խորհրդի նիստի ժամանակ տեսակետեր հնչեցին, որ Մուրադյանն ինչ-որ խոստումներ չի կատարել, սակայն նա այլ կերպ է հարցը ձևակերպում՝ Գևորգ Մուրադյանը ոչ մի խոստում չի կատարել և նույնիսկ այն, որ նա պետք է տեխնիկական աշխատանք կատարեր, խորհրդի նիստերը կատարեր, Էմին-Տերյանի խոսքով՝ կրկին պատշաճ չեն իրականացվել:
Նա օրինակ բերեց այն, որ գործող իշխանություն խոստացել էր, որ ԵՊՀ դռները այլևս չեն փակվելու ոչ մեկի առաջ, սակայն դա խախտվեց հենց ընտրության օրը՝ պատճառաբանությամբ, թե, համաձայն պարետի որոշման, 40-ից ավել անձ միաժամանակ փակ տարածքում չի կարող լինել։ Ըստ նրա՝ պարետի որոշումներում սրան առնչվող որևէ կետ չի եղել: «Կարելի է ձևակերպել, որ մենք ականատես ենք լինում համալսարանի ամենաամոթալի էջերից մեկի բացմանը»:
Դիտարկմանը, թե ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը պարբերաբար ձգձգվում է, արդեն մեկ տարուց ավելի է՝ ինչ ԵՊՀ-ն ունի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ԵՊՀ խոսնակն արձագանքեց.
«Գևորգ Մուրադյանն առաջին նիստի ժամանակ խոստացավ, որ ամեն ամիս խորհրդի նիստեր են լինելու, ձեռքը պահելու է զարկերակի վրա և անդրադառնալու է համալսարանի խնդիրներին, սակայն մենք սա չտեսանք, և ցավոք, տեսանք ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ մամուլում հրապարակումներ եղան կոռուպցիոն երևույթների մասին, որտեղ շոշափվում է նաև Գևորգ Մուրադյանի անունը, սակայն նա հարկ չհամարեց դրանց անդրադառնալ, շարունակեց ջայլամի քաղաքականությունը»,- շեշտեց Էմին-Տերյանը և հավելեց, որ Գևորգ Մուրադյանը նույնիսկ չի մեկնաբանում, թե ինչու ռեկտորի ընտրությունները չեն անցկացվել:
Մանրամասները՝ տեսանյութում:










