Ես բոլորի հետ շփվում եմ, երբ օրակարգ կա շփվելու. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի մասնակիցների հետ չհանդիպելու մասին
Այն խումբը, որը դժգոհում է, իրենք հանրակրթական և ծրագրային պետական չափորոշիչներից կամ գաղափար չունեն, կամ ակնհայտ կեղծում են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիայի մասնակիցների պահանջին:
«Եթե նրանք պնդում են, օրինակ՝ նախնական զինվորական պատրաստություն առարկան դուրս է գալիս, կամ սեպտեմբերից ծրագրերի մեջ սեռական դաստիարակություն է մտնում, կամ չափորոշիչներում սեռական բաղադրիչ է մտցրած և ասում են՝ՀՀ լեռնաշխարհի փոխարեն գրված է Անատոլիա՝ ստում են: Երբ ասում են Խորենացի, Նարեկացին հանվում է՝ ստում են: Այն մարդիկ, ովքեր ներգրավված են փողոցային պայքարին, այս բարեփոխումների արդյունքում, նրանց շահերին մեծ վնաս է հասցվել, քանի որ նրանց գործունեությունը այս ոլորտում եղել է արատավոր, և բնականաբար պետք է աղմուկ բարձրացնեին»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ակցիայի մասնակիցներին նախարարը չի հանդիպում, նախկինում բոլորի հետ շփվում էր, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ես բոլորի հետ շփվում եմ, երբ օրակարգ կա շփվելու, երբ որ մարդիկ, հրաժարականի հարց են դնում․․․, 2018 թվականից մենք հնարավորություն են ստեղծել բողոքի ակցիա իրականացնելու և իրենք ազատ են բողոքի ակցիա իրականացնելու համար»:
Դիտարկմանը, թե քննադատում են, որ խուսափում եք մետրոյով շրջելո, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ շաբաթ- կիրակի օրերին տրանսպորտով է շրջում, իսկ ամեն երեկո փողոցում զբոսնում է, այդ ամենը մտացածին է:
Անդրադառնալով ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի ընտրվելու հետ կապված դժգոհություններին և հարցին՝ նա խոսափող է աշխատում Ձեր և համալսարանի միջև և իր առջև դրված խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան կրթական, ԿԳՄՍ նախարարը նշեց.
«Իր առջև խնդիր դրված չէ, յուրաքանչյուր խոհրդի նախագահ երբ ներկայացված է լիազոր մարմնի և հիմնադրի կողմից կապ է պահում բուհի և պետության միջև: Յուրաքանչյուր խորհրդի նախագահի առաքելությունն է, որ այդ կապը արդյունավետ լինի, ի վերջո, այդ բուհերը հիմնադրված են պետության կողմից, որոշ բուհերի դեպքում միջոցներ տրամադրվում են պետության կողմից և այդ կապը պետք է պահպանվի: Իսկ ռեկտորի ընտրությունը խորհուրդը և համալսարանն է որոշում:
Հարցին, արդյո՞ք բուհ չընդունված դիմորդներին լուծում առաջարկվեց, նախարարը նշեց, որ մի մասը դատական հայց է ներկայացրել, իսկ հիմնական մասը ընդունվել է՝ թափուր մրցույթով:
Անդրադառնալով դպրոցներում դիմակների և դասամիջոցին դուրս չգալու ծնողների դժգոհություններին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ծնողների մտահոգությունը քննարկում են.
«Փակ տարածքներում դիմակներ կրելու և հեռավորության պահպանման կարգը սահմանված է եղել մայիս ամսից և դիմակների կրման ռեժիմի թուլացումը կապված է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում համավարակի տարածման լարվածության թուլացման հետ, որքան թվերը նվազեն՝ ռեժիմը կփոխվի»:










