Թրամփը պաշտոնապես համաձայնել է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իր ելույթում դեմոկրատներին «արմատական շարժում» է անվանել և իրեն համեմատել է Լինքոլնի հետ (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իր ելույթում Դեմոկրատական կուսակցությանը «արմատական շարժում» է անվանել և իրեն համեմատել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետ, գրում է Reuters-ը։
«Իմ սիրելի ամերիկացիներ, այսօր երախտագիտությամբ և անսահման լավատեսությամբ լի սրտով ես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն ընդունում եմ խորին հարգանքով»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում։
Իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահը Դեմոկրատական կուսակցությանը «արմատական շարժում» է անվանել։
«Այս ընտրությունները կորոշեն՝ կփրկենք ամերիկյան երազանքը, թե սոցիալիստներին թույլ կտանք ջախջախել մեր երկրի թանկ ճակատագիրը։ Ձեր ձայնը կորոշի՝ մենք կպաշտպանենք ամերիկյան կենսակերպը, թե արմատական շարժմանը թույլ կտանք ամբողջությամբ ոչնչացնել այն»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
«Բայդենը ոչ թե ամերիկյան ոգու փրկիչն է, այլ ամերիկյան աշխատատեղեր ոչնչացնողը»,- հայտարարել է նա՝ հավելելով․ «Այն, ինչին մենք հասել ենք, այժմ վտանգված է։ Այս ընտրությունները մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր ընտրություններն են»։
Իր ելույթում Թրամփը նաև իրեն համեմատել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետ։
Թրամփի պնդմամբ՝ նա աֆրոամերիկացիների համար «ավելին է արել, քան ցանկացած նախագահ՝ Աբրահամ Լինքոլնից հետո»։
«Ես աֆրոամերիկացի հանրության համար ավելի շատ բան եմ արել, քան Ջո Բայդենը 47 տարվա ընթացքում։ Երբ ես վերընտրվեմ, ավելի լավ կլինի», - վստահեցրել է Թրամփը։
ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի օրոք (նախագահել է 1861-1865 թվականներին) երկրում քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Այդ ընթացքում նա կարողացել է ոչ միայն պահպանել Միությունը, այլև ամրապնդել այն և ճանապարհ հարթել դեպի ստրկության վերացումը, ամրապնդել դաշնային կառավարությունը և արդիականացրել տնտեսությունը:
Այս տարվա նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնի համար գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը պայքարելու է դեմոկրատ Ջո Բայդենի հետ։










