Ամերիկացի զբոսաշրջիկը Կանադայի կարանտինային կանոններին չհետևելու համար ստիպված կլինի 500 000 դոլար վճարել

13:50 • 28.08.20

Կանադայի իշխանությունները մտադիր են տուգանել ամերիկացի զբոսաշրջիկին կես մլն դոլարով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինային կանոնները կրկնակի խախտելու համար, գրում է Travel and Leisure-ը:

Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակիչ Ջոն Փենինգթոնը հունիսին ճամփորդել է Ալյասկայից ԱՄՆ մայրցամաքային հատված, որի ընթացքում հաստատվել է կանադական Բանֆ ազգային պարկի շքեղ հյուրանոցներից մեկում, որը, սակայն, համավարակի պատճառով փակ է ամերիկացիների համար: Հյուրանոցի աշխատակիցները հյուրի մասին տեղեկությունները փոխանցել են իշխանություններին:  

ԱՄՆ-ում վարակակիրների թվի աճի պատճառով Կանադան մարտի 21-ից փակել է իր հարավային սահմանը: Ճամփորդներին, որոնք երկրի տարածքով Ալյասկայից ամերիկյան նահանգներ են մեկնում, անհրաժեշտ է կիրառել ամենակարճ երթուղիները: Նրանց արգելված է հյուրանոցներում հաստատվել և այցելել ազգային պարկեր:

Հյուրանոցում ամերիկացուն հայտնաբերելով՝ կանադացի ոստիկանները նրան տուգանել են 900 դոլարի չափով: Նրան թույլ են տվել գիշերել, սակայն արգելել են լքել տարածքը, իսկ առավոտյան նա պարտավոր է եղել լքել Կանադան: Սակայն դրա փոխարեն նրան նկատել են ազգային պարկում զբոսնելիս:

Փենինգթոնը ոստիկաններին ասել է, որ դուրս էր եկել սնունդ գնելու, սակայն վերջիններս չեն հավատացել ամերիկացուն, քանի որ հյուրանոցում մի քանի ռեստորան է գործում:

Իրավախախտը ձերբակալվել է և պետք է կանադական դատարանի առաջ կանգնի նոյեմբերին: Նրան սպառնում է 500 000 դոլարի չափով տուգանք կամ կես տարի ժամկետով կալանք: