«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդն անթույլատրելի է համարել այն, որ Ռուսաստանում զինված խմբավորում է ստեղծվել «Բելառուսի տարածքում օգտագործման համար», գրում է meduza.io-ն:
Ըստ խորհրդի՝ Ռուսաստանում կամ որևիցե այլ երկրում նման խմբավորումների կազմավորումը «հակասում է միջազգային իրավունքին և բելառուսական հասարակության համախմբված դիրքորոշմանը»:
Կառույցից հայտնել են, որ Բելառուսում անցկացվում են «բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ, որոնց աջակցում է բելառուսների մեծ մասը»:
Ինչպես նախօրեին հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով երկրում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ձևավորվել։
«Բայց մենք պայմանավորվել ենք, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-ընդգծել է Պուտինը։
Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը:










