«Ոստիկանների ռեակցիան իմ սպիտակ-կարմիր զգեստին նման էր ցուլի՝ կարմիր կտոր տեսնելիս արձագանքին». Բելառուսի բնակչուհուն դատում են ընդդիմության «խորհրդանիշի» գույներով զգեստ կրելու համար (լուսանկար)

12:37 • 28.08.20

Բելառուսի Բրեստ քաղաքի բնակչուհի Նատալյա Կլիմովիչին դատում են ընդդիմության «խորհրդանիշ» դրոշի գույներով զգեստ կրելու համար: Նատալյային ամուսնու՝ Վլադիսլավի հետ բերման էին ենթարկել օգոստոսի 11-ի երեկոյան՝ իրենց աշխատավայրից: Նշվում է, որ ամուսիններն աշխատում են ոսկերչական արհեստանոցում:

Ինչպես գրում է «Բրեստի թերթ»-ը, ոստիկանության աշխատակիցներն արհեստանոց են այցելել անսպասելի և սկսել զննել տարածքը:

«Նրանք մտան հաշվապահության սենյակ ու տեսան ինձ: Ոստիկաններից մեկը հագիս խալաթը մի կողմ գցեց ու տեսավ, որ ես սպիտակ-կարմիր-սպիտակ զգեստ եմ կրում (Բելառուսում բողոքի ցույցերի մասնակիցների խորհրդանիշ դրոշի գույներով-Խմբ.): Նա հարցրեց, թե ինչ է սա, ու ասաց, որ հետևեմ իրեն: Ամուսինս վրդովվեց և հարցրեց, թե ինչի հիման վրա են ինձ տանում: Նրան պատասխանեցին, թե «Եթե այդքան խելացի ես, դու էլ կգաս մեզ հետ»: Մեզ տարան ոստիկանական բաժանմունք: Բնականաբար, մեզ ոչ ոք չբացատրեց, թե ինչի համար են բերման ենթարկում»,- պատմել է կինը:

Брестчанка, которую будут судить за бело-красно-белое платье: «Реакция у них была, как у быка на красную тряпку»

 

Նրա ամուսնուն բաց են թողել հաջորդ օրը և առանց դատի, իսկ Նատալյան մեկուսարանում է անցկացրել 2 օր: Նրան բաց են թողել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 28-ի առավոտյան դատարան ներկայանա: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման կանոնների խախտման հոդվածով:

«Ոստիկանների ռեակցիան իմ սպիտակ-կարմիր-սպիտակ զգեստին նման էր ցուլի՝ կարմիր կտոր տեսնելիս արձագանքին»,- հավելել է նա:

Այն հարցին, թե որտեղից նրան նման զգեստ, կինը պատմել է, որ այդ գույներով զգեստ և ամուսնու համար վերնաշապիկ նա կարել է տվել: Դրանք պատրաստ են եղել հուլիսի 14-ին՝ մինչ երկրում սկսված բողոքի ցույցերը: Այդ օրվանից նրանք միշտ կրել են այդ հագուստը: Նրանք այդ հագուստով մասնակցել են նաև Գրոդնո և Բրեստ քաղաքներում նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու, այժմ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային աջակցող հանրահավաքներին: Նատալյան հենց այդ զգեստով է քվեարկել նախագահական ընտրությունների օրը, այն կրել է նաև օգոստոսի 10-ին, իսկ արդեն օգոստոսի 11-ին այն կրելը քաղաքական հանցագործություն է համարվել:

Брестчанка, которую будут судить за бело-красно-белое платье: «Реакция у них была, как у быка на красную тряпку»

Կինը նշել է, որ նման հագուստով ինքն ու իր ամուսինը ցանկացել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել՝ առանց որևէ կարգախոսների, պաստառների:

Брестчанка, которую будут судить за бело-красно-белое платье: «Реакция у них была, как у быка на красную тряпку»

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: