«Լաուրա» փոթորկի հետևանքով Լուիզիանայում գտնվող քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել և քլորի արտահոսք տեղի ունեցել (տեսանյութ)

15:16 • 28.08.20

Ամերիկյան Լուիզիանա նահանգի հարավ-արևմուտքում գտնվող քիմիական գործարանում «Լաուրա» փոթորկի հետևանքով հրդեհ է բռնկվել և քլորի արտահոսք տեղի ունեցել, հայտնում է 7KPLC հեռուստաալիքը: 

Հրդեհն ու արտահոսքը տեղի է ունեցել BioLab ընկերության քիմիական գործարանում, որը լվացող միջոցների բաղադրիչներ է արտադրում: 

Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հայտնել է, որ դեպքի վայրի մոտակայքում բնակվող մարդկանց զգուշացվել է փակել տների դռներն ու պատուհանները, ինչպես նաև անջատել օդորակիչները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, արևադարձային «Լաուրա» փոթորիկը, որն ԱՄՆ-ին պատուհասած ամենաուժեղ փոթորիկներից մեկն է, երեկ անցել է Տեխաս և Լուիզիանա նահանգների տարածքով՝ խլելով առնվազն վեց մարդու կյանք, ավերելով բազմաթիվ տներ և հազարավոր մարդկանց թողնելով առանց էլեկտրականության:

Փոթորկի վնասների ամբողջական գնահատումը, հավանաբար, մի քանի օր կտևի, սակայն նախնական գնահատականների համաձայն՝ վնասի չափը կարող է հասնել միլիարդավոր դոլարների։