Այսօր, երեկ և վաղը ՀՀ-ի նկատմամբ տեղեկատվական պատերազմ է իրականացվում. թիրախներն են` մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը. Հայկ Նահապետյան

13:00 • 28.08.20

Այսօր, երեկ և վաղը ՀՀ-ի նկատմամբ տեղեկատվական պատերազմ է իրականացվում, որի առաջին թիրախներն են մեր ինքնությունը, արժեհամակարգը, հավատը և այն ավանդույթները, որոնք մենք ժառանգել ենք մեր նախնիներից: Այս մասին այսօր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Այն կոնվենցիաները և իրավական ակտերը, որոնք ընդունվում են, նախկինում և հիմա էլ նպատակ են հետապնդում թիրախավորելու մեր ինքնությունը, որը հայ ժողովրդի համար անկյունաքարային է գոյատևման ամբողջ պատմության ընթացքում, և այս նախաձեռնության բուն նպատակն առաջին հերթին այն է, որ պետք է դիմագրավել մարտահրավերներին, վերացնել այն սպառնալիքները, որոնք այս ոլորտում առկա են»,- ասաց նա:

Ըստ նրա՝ նախաձեռնությունը կարևոր առաքելություն ունի, և այն հասունացած է, քանի որ շատ մասնագետներ իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են, և մոտ ապագայում նախաձեռնությունն իր շարքերը կհամալրի այլ անձանցով, հասարակական կազմակերպություններով:

Հիշեցնենք, որ ձևավորվել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբ, որի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի ընդունման համար ստորագրահավաք կանցկացվի: