ԱՄՆ-ն և ԵՄ-ն Բելառուսին կոչ են արել «դադարեցնել բռնությունն ու ռազմական ուժի կիրառման սպառնալիքները»

16:42 • 29.08.20

Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցիչները համատեղ հայտարարությամ են հանդես եկել, որում մեջ Բելառուսի իշխանություններին կոչ են արել դադարեցնել ցուցարարների ահաբեկումը, բռնությունն ու քաղաքական դրդապատճառներով հետապնդումը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Մինսկում Եվրամիության ներկայացուցչության կայքում:

Դիվանագետները դատապարտել են «ուժի կիրառումը» և Բելառուսի իշխանություններին կոչ են արել «դադարեցնել բռնությունն ու սեփական քաղաքացիների դեմ ռազմական ուժի կիրառման սպառնալիքները, ինչպես նաև անհապաղ և անվերապահորեն ազատել բոլոր անարդարացիորեն ձերբակալված մարդկանց»:

Դիվանագետները նաև իրենց համերաշխությունն են հայտնել Բելառուսի բնակիչներին, որոնք պահանջում են «հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:

«Մենք Բելառուսի իշխանություններին կոչ ենք անում պահպանել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այն է՝ հարգել հիմնարար ժողովրդավարական ազատությունները և մարդու իրավունքները»,- նշվում է տեքստում։ 

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով: 

Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն: