Կառավարության փոխարեն ներողություն եմ խնդրում մեր բարեկամ ճապոնացի ժողովրդից․ Սամվել Ֆարմանյան
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ Սփյուռթի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությանն առ այն, որ ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի։ Նա նշել է, որ Կառավարության փոխարեն ներողություն է խնդրում բարեկամ ճապոնացի ժողովրդից: Ֆարմանյանի գրառումը՝ ստորև․
«Ի՞նչ բառեր գտնեմ` արտահայտելու զայրույթս: Անտանելի է: Զզվելի է: Ամոթալի է: Էս կարգի ինքնահավան տգիտությու՞ն:
6 տարի ղեկավարել եմ «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խումբը, և ինձ համարում եմ ճապոնացի ժողովրդի բարեկամը: Հիմա գետինն եմ մտնում` լսելով, որ իմ երկրի բարձրաստիճան պաշտոնյան նման միտք է հնչեցնում, էն էլ հրապարակայնորեն:
Այսօր արդեն շատ-շատերի համար է պարզ դարձել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դեմ պայքարն իր էությամբ միայն ազգային-ազատագրական չէ, այն առաջին հերթին կրթալուսավորչական է: Նիկոլի իշխանության հիմքը մարդու մտքի խավարն է, նրա բանականության նահանջը, չտեղեկացված մարդու կենդանական բնազդների խրախուսումն ու դրանց կառավարումը:
Սա պարզ դիվերսիա չէ: Այս ամենը մտավոր ցեղասպանության փորձ է: Մարդ մենակ էլ լինի մտքի էս ամոթալի խավարի դեմ պայքարում պիտի հաղթի:
Հ.Գ. Կառավարության փոխարեն ներողություն եմ խնդրում մեր բարեկամ ճապոնացի ժողովրդից: Հայաստանում ձեզ ճանաչողները և մեր բարեկամությունը գնահատողները շատ ավելի շատ են»:
Տեսանյութը՝ Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից։










