Արցախում կայացավ Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը. ներկա էին ՀՀ և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ (տեսանյութ)

15:17 • 29.08.20

Արցախում հանդիսավոր պայմաններում կայացավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը:

Ելույթով հանդես եկավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դեռևս ԱՀ նախագահական ընտրությունների օրն այցելել է Արթուր Մկրտչյանի շիրիմին և խոստացել ընտրվելու դեպքում անել առավելագույնը՝ վերջինիս  կիսատ թողած գործը շարունակելու և վեհ գաղափարները կյանքի կոչելու համար:

«Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների հիշատակի առջև: Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով պետության կառուցման և պաշտպանության առաջնագծում՝ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը»,-ասաց նա:

Արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Փաշինյանը ևս ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ հուզիչ և կարևոր միջոցառում է. «Կարծում եմ, որ սրա ամենակարևոր խորհուրդն այն է, որ մենք մեր պատմությունը չենք մոռանում: Մենք, իհարկե, ամեն օր, ամեն ժամ նայում ենք ապագային, բայց այդ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել նաև անցյալը»,-ասաց ՀՀ վարչապետը: