Թուրքիան Հունաստանի հետ ճգնաժամի ֆոնին հայտարարել է Միջերկրական ծովում զորավարժությունների մասին

13:34 • 29.08.20

Թուրքիան օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 11-ը Միջերկրական ծովի արևելյան մասում հրետանային վարժանքներ անցկացնելու մասին միջազգային ծանուցում է ուղարկել: Դա արվել է վիճելի շրջանում սեյսմահետախուզության պատճառով Հունաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին, գրում է ria․ru-ն։

Նավապետներին խորհուրդ է տրվում խուսափել զորավարժության շրջան այցելությունից։

Օգոստոսին կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Սեյսմիկ հետախուզման մասին ծանուցումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի մասին: Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի։