ՇՄ նախարարը մինչ օրս մեր երկրի բնապահպանական ամենասուր հարցի՝ Ամուլսարի հետ կապված իր դիրքորոշումը չի հայտնել՝ շարունակելով «թիթեռ նկարելու» դիմաց աշխատավարձ ու պարգևավճար ստանալ․ Վ․ Վարագյան

21:24 • 29.08.20

Պետական բնապահպանական գերատեսչությունը գործով պետք է զբաղվի, ոչ թե հանգիստ հետեւի, թե ինչպես է երկիրը վերածվում «խոզանոցի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանը:

«Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրների առկայության պայմաններում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, մի կողմ թողած իր գործառույթները, շարունակում է զբաղվել ոստիկաններին ցուցումներ տալով:

Ըստ լրատվամիջոցների՝ երեկ Կենտրոն վարչական շրջանում տեսչության աշխատակիցները գրանցում եւ ցուցումներ էին տալիս ոստիկանությանը՝ դիմակներ կրելու հետ կապված խախտումների փաստով»,- գրել է նա և հավելել, որ երկրում նման իրավիճակ է ստեղծվում, երբ գերատեսչությունները չեն զբաղվում իրենց գործով:

«Պարոնայք անտաղանդներ, եթե չունեք սեփական գաղափարներ կամ փորձ, կարող եք գոնե օրինակ վերցնել չտապալված պետությունների ձեր կոլեգա կառույցներից: Կորոնավիրուսի համավարակի շրջանում չտապալված պետությունների Շրջակա միջավայրի նախարարություններն իրենց վրա էին վերցրել դիմակներն ու ձեռնոցները որպես թափոն շրջակա միջավայրում չտարածելու եւ վարակի երկրորդային աղբյուրները վերացնելու գործառույթը: Իսկ մեր երկրում Շրջակա միջավայրի նախարարությունն իր ստորաբաժանումներով զբաղված էր եւ շարունակում է զբաղվել ամեն ինչով, բացի իր բուն գործառույթներից: Վառ օրինակ՝ նկատած կլինեք, որ փողոցներն ու այգիները ողողված են օգտագործված դիմակներով ու ձեռնոցներով: Սրանով ոչ մեկը չի զբաղվում, ոչ մեկը:

Հ.Գ. Շրջակա միջավայրի նախարարին պետք է հորդորել, որ վիքիպեդիայից քաղհան արած իր գրառումներից հրաժարվի եւ զբաղվի իր բուն գործառույթներով: Չնայած, ի՞նչ կարելի է ակնկալել մի պաշտոնյայից, ով մինչ օրս մեր երկրի բնապահպանական ամենասուր եւ ամենաքննարկվող հարցի՝ Ամուլսարի հետ կապված իր դիրքորոշումը չի հայտնել՝ շարունակելով «թիթեռ նկարելու» դիմաց հարկատուից միլիոնավոր դրամների աշխատավարձ ու պարգեւավճար ստանալ»: