Բեռլինում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած քաղաքականությանը․ իրավապահներն ավելի քան 300 ցուցարարի են ձերբակալել
30.08.2020
01:39
Բեռլինում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում իրավապահներն ավելի քան 300 մարդու են ձերբակալել, հաղորդում է ТАСС-ը:
«Բողոքի ակցիաներին ավելի քան 38 000 մարդ է մասնակցել, այս թիվը, սակայն, դեռ վերջնական չէ»,- աղբյուրի թղթակցին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Վերջինը տեղեկություն չի հաղորդել բողոքի ակցիաների ընթացքում տուժած իրավապահների թվի մասին:
23։03
Բեռլինում ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քաղաքականության անցկացվող բողոքի ցույցի մասնակիցները սկսել են վանկարկել «Պուտին»:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են հանրահավաքի մասնակիցներից ոմանք ծածանում ՌԴ դրոշը: Այդ ընթացքում կադրից այն կողմ լսվող ձայնը հարցնում է նրանց, թե ինչու են նրանք ռուսական դրոշներով բողոքի դուրս եկել:
«Որովհետև Պուտինը կարող է ճնշում գործադրել Թրամփի վրա»,- լսվում է պատասխան ձայնը:
20։35
Բեռլինում ոստիկանները սկսել են ձերբակալություններ իրականացնել ցուցարարների շրջանում:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, իրավապահները կոչ են անում հավաքված մարդկանց հեռանալ տարածքից: Ցուցարարները հավաքվել են նաև Բեռլինում ՌԴ դեսպանության մոտ և այնտեղից շարժվում են Բրանդերբուրգյան դարպասների ուղղությամբ:
Ցուցարարներից ոմանք նստում են գետնին և հայտարարում են, որ չեն հեռանալու:
Բեռլինում ոստիկանությունը հրահանգել է դադարեցնել կորոնավիրուսի հարցում կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքի երթը՝ սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտման պատճառով:
«Ցավոք, այլ տարբերակ չունենք: Մենք մոտեցել ենք ցույցի առաջնորդին և տեղեկացրել, որ նրա հանրահավաք կցրվի ոստիկանության կողմից»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ շուրջ 3000 ոստիկաններ են ուղարկվել՝ վերահսկելու հակակառավարական երթը, որը մեկնարկել է գերմանական մայրաքաղաքի Բրանդերբուրգյան դարպասների մոտից: Ըստ նախնական գնահատումների՝ հանրահավաքին շուրջ 20 000 մարդ պետք է հավաքված լիներ:














