Կոնգոյում գրոհայինները հարձակվել են ուսումնական հաստատության վրա ու սպանել քննություն հանձնող 5 աշակերտի

10:52 • 29.08.20

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ուսումնական հաստատության վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով 5 աշակերտ է սպանվել, որոնք այդ ժամանակ քննություն էին հանձնում, գրում է korrespondent.net-ը:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Կիվու նահանգի Կատանգա գյուղում՝ օգոստոսի 27-ին: 

Շրջանի կառավարության կրթության նախարար Պրիսկա Կամալայի խոսքով՝ 5 դպրոցական սպանվել է, ուսուցիչն ու մի քանի աշակերտ՝ առևանգվել: Առևանգվածների հստակ թիվը չի նշվում:

Նշվում է, որ տարրական դպրոցի սաներն ուսումնական կենտրոնում էին հավաքվել քննություն հանձնելու նպատակով: Գրոհայինները փախուստի են դիմել, երբ գյուղ զինվորականներն են մտել:

Իշխանությունները հետաքննություն են սկսել սպանության ու երեխաների առևանգման կապակցությամբ: