Ֆրանսիայի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում իշխանությունների՝ պարտադիր դիմակ կրելու որոշման դեմ (տեսանյութ)

21:14 • 29.08.20

Փարիզում և Ֆրանսիայի մի քանի այլ խոշոր քաղաքներում օգոստոսի 29-ին ցույցեր և հանրահավաքներ են տեղի ունենում՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին իշխանությունների՝ դիմակ կրելը պարտադիր դարձնելու որոշման դեմ: 

Ինչպես հաղորդում է Известия-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ֆրանսիական մայրաքաղաքի Ազգերի հրապարակում շուրջ 300 մարդ է հավաքվել, թեև հանրահավաքին մասնակցելու մտադրության մասին սոցցանցում ավելի քան 1000 մարդ էր հայտնել:

Ցուցարարների թվում կան ուսանողներ, թոշակառուներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, ինչպես նաև «դեղին բաճկոնների» ներկայացուցիչներ:

Ցուցարարները պաստառներ են պատրաստել, կարգախոսներ են հնչեցնում և պահանջում են չեղարկել դիմակ կրելու մասին որոշումը, որի անհրաժեշտության «գիտական հիմնավորում չկա»:

Ոստիկանության աշխատակիցները դեռևս միջոցներ չեն ձեռնարկում ցուցարարներին ցրելու համար: Նրանք միայն պահանջում են, որ ցուցարարները դիմակներ դնեն: Այն մասնակիցները, որոնք հրաժարվել են կատարել այդ պահանջը, տուգանվել են 135 եվրոյով:

Վերջին տվյալների համաձայն Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 30 596 մարդ, վարակվել՝ 267 077-ը: Վերջին օրերին Ֆրանսիայում բարձրացել է մեկօրյա վարակման ցուցանիշը:

Նշենք, որ այսօր դիմակ կրելու դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Գերմանիայի մայրաքաղաքում:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 25 մլն մարդ: