Մինսկում մեկնարկել է կանանց համերաշխության ցույցը
Մինսկում շաբաթ երեկոյան մեկնարկել է կանանց համերաշխության ակցիան, որի մասնակիցները հավաքվել են Անկախության պողոտայի երկու կողմերում՝ Հաղթանակի հրապարակում:
Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, երթի մասնակիցները ներկայացել են սպիտակ և կարմիր հանդերձանքով, իրենց հետ բերել են նաև ծաղիկներ։
Միևնույն ժամանակ ուժայինները հատուկ տեխնիկա և մեքենաներ են մոտեցրել Հաղթանակի հրապարակին: Այնտեղ են տեղակայվել նաև ՕՄՕՆ-ի ջոկատները: Ոստիկանությունը ցուցարարներին զգուշացնում է միջոցառման անօրինականության մասին:
Աղբյուրի տվյալներով՝ շուրջ տաս հազար մարդ է հավաքվել կանանց ակցիային: Հաղորդվում է, որ առնվազն մեկ տղամարդ է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ Բելառուսում ընդդիմության կողմնակիցների ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:










