Շոտլանդիայում վաճառել են աշխարհի ամենաթանկարժեք ոչխարին
Աշխարհում ամենաթանկարժեք ոչխարը վաճառվել է Շոտլանդիայում կայացած Scottish National Texel Sale աճուրդի ժամանակ: Ինչպես հաղորդում է The Independent-ը, կենդանուն վաճառել են ռեկորդային 367 500 ֆունտ ստերլինգով (մոտ 490 600 դոլար):
Աղբյուրի տվյալներով՝ խոսքը Texel ցեղատեսակի կենդանու մասին է, որն ստացել է Double Diamond («կրկնակի ադամանդ») անունը: Ոչխարի նախնական գինը սահմանվել էր 10 500 ֆունտ (մոտ14 000 դոլար):
Վերջնական գինը, որն առաջարկվել է երեք գնորդի կողմից, ռեկորդային է դարձել ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր դարձյալ Շոտլանդիայում 2009 թվականին: Այն ժամանակ ամենաթանկարժեք ոչխարը գնահատվել էր 231 000 ֆունտ:
Նշվում է, որ այս ցեղատեսակի ոչխարներն ամենատարածվածներից մեկն են Մեծ Բրիտանիայում, դրանց պահում են բազմացման համար, հատկապես մսի արտակարգ որակի համար:










