Պերուում 10 մլն տարեկան ծառ են հայտնաբերել

19:21 • 30.08.20

Գիտնականները Պերուի Կենտրոնական Անդեր բարձրլեռնային շրջանում հսկայական քարացած ծառ են հայտնաբերել, որը թաղված է եղել հրաբուխների մոխրի տակ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Science Advances ամսագրում հրապարակված հոդվածը, գտածոյի տարիքը գնահատվում է մոտ 10 մլն տարի: Սովորաբար, գիտնականներին հաջողվում է քարացած բրածոների փոքր հատվածներ գտնել, սակայն այս անգամ մասնագետները ծառի ամբողջական բուն են հայտնաբերել, այն էլ զարգացած արմատային համակարգով:

Ծառը գտնվել է Անդերի Ալտիպլանո ընդարձակ սարահարթի տարածքում, որն այժմ պատված է խոտածածկով: Ծառի բարձրությունը ժամանակին հասել էր 30 մետրի:

Մասնագետները նշում են, որ գտածոն վկայում է այն մասին, որ նախկինում այդ տեղանքում խոնավ արևադարձային անտառներ են եղել: Փորձագետները նշում են, որ նման կլիմայական պայմաններ ներկայում Երկրի վրա այլևս գոյություն չունեն: