Սիրիայի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի հաստատել է վարչապետ Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ կառավարության նոր կազմը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Ալի Աբդալա Այուբը և Վալիդ ալ-Մուալեմը պահպանել են իրենց պաշտոնները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով նախագահի գրասենյակի հայտարարությանը։
«Նախագահ Ասադը հրաման է արձակել Հուսեյն Արնուսի ղեկավարությամբ Սիրիայի նոր կառավարության կազմման մասին։ Գեներալ Ալի Աբդալա Այուբը նշանակվում է կառավարության փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Պարոն Վալիդ ալ-Մուալեմը՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար»,- ասվում է հրամանի տեքստում։
Սիրիայի կառավարության նոր կազմում ներառվել է 29 նախարար, որից 2-ը կանայք են, որոնք մշակույթի, սոցիալական գործերի և աշխատանքի նախարարների պաշտոններն են զբաղեցնում։
Սիրիայի գազատարի՝ վերջերս տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետը փոխել է նավթի և էլեկտրաէներգիայի նախարարներին։










