Բրիտանական Typhoon կործանիչներն օդ են բարձրացել և Լոնդոնի երկնքում ուղեկցել ուղևորատար ինքնաթիռին՝ այնտեղ առկա «հնարավոր սպառնալիքի» պատճառով
Երեկ երեկոյան երկու Typhoon կործանիչներ Լոնդոնի երկնքում ուղեկցել են ուղևորատար ինքնաթիռին՝ այնտեղ առկա «հնարավոր սպառնալիքի» պատճառով․ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Հաղորդվում է, որ կործանիչներն օդ են բարձրացել Լոնդոնի երկնքում Ryanair-ին պատկանող Lauda ընկերության ուղևորատար օդանավին ուղեկցելու համար, որը թռչում էր Վիեննայից:
Նշվում է, որ չվերթի անձնակազմը հնարավոր սպառնալիքի մասին նախազգուշացում էր ստացել․ ինքնաթիռի ուղևորուհու խոսքով՝ զուգարանում հայտնաբերվել են «կասկածելի իրեր»։
Օդաչուն այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և շարունակել դեպի Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան ճանապարհը, որտեղ էլ ինքնաթիռը վայրէջք է կատարել «սովորական ռեժիմով»։
Չվերթի ժամանումից անմիջապես հետո բրիտանական ոստիկանությունն ահաբեկչության հոդվածով ձերբակալել է երկու ուղևորի` Քուվեյթի 34-ամյա և Իտալիայի 48-ամյա քաղաքացիների։










