«Նրա լռությունը հանցակցություն է»․ Բայդենը Թրամփին քննադատել է Նավալնիի հարցով հայտարարությամբ հանդես չգալու և Պուտինին «չդիմակայելու» համար

09:37 • 03.09.20

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չգալու համար, գրում է tass.ru-ն՝ հիշեցնելով, որ Նավալնիին, Գերմանիայի իշխանությունների պնդմամբ, թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով:

Բայդենն իր հայտարության մեջ նշել է, որ «հարձակման մեթոդը կասկածի տակ չի դնում այն փաստը, որ կատարվածի պատասխանատվությունն ընկած է ռուսական պետության վրա»: Բայդենը նշել է, որ Թրամփը «հրաժարվում է դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։

«Նա դեռ չի դատապարտել Նավալնիի դեմ հարձակումը։ Նրա լռությունը հանցակցություն է։ Քանի դեռ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն է, ամերիկացիների անվտագությունը վտանգված է»,- ասել է նա։

Նախագահի թեկնածուն նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կհամագործակցի «դաշնակիցների և գործընկերների» հետ, որպեսզի «պատասխանատվության ենթարկի» ռուսական կողմին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բունդեսվերի (Գերմանայի Զինված ուժեր) լաբորատորիայի մասնագետները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով: 

Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:  

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին: