Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Ամուլսարի պահապանների և բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով

17:15 • 07.09.20

Ջերմուկի Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում գիշերը Ամուլսարի պահապանների և բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:

Նա նշեց, որ գիշերը Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ միջադեպ է տեղի ունեցել պահնորդների և բնապահպանների միջև:

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Ամուլսարի պահնորդները քաղաքացուն, քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել, ուշագնացության հասցրել:

Նա ասել էր, թե իր մոտ տպավորություն է, որ խնդիրը պահնորդական ծառայություն իրականացնողների մեջ չէ, այլ նրանց աշխատանքի հրավիրողի պահանջներն են այդպիսին: Նա նշել էր, որ տեղի ունեցածը պետք է արժանանա իրավական գնահատականի, քանի որ ապրում ենք իրավական պետության մեջ: