Ճապոնիայում «Հեյշեն» հզոր թայֆունի հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել, կա մեկ զոհ (լուսանկարներ)
Ճապոնիայի ափեր հասած «Հեյշեն» հզոր թայֆունի հետևանքով ավելի քան 108 մարդ է տուժել, զոհվել է մեկ հոգի, հայտնում է Mainichi հրատարակությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ թայֆունը 50կմ/ժ արագությամբ դեպի հյուսիս է շարժվում՝ մոտենալով Կորեական թերակղզու արևելյան ափին։ Դրա կենտրոնում մթնոլորտային ճնշումը 960 հեկտոպասկալներ է կազմում, իսկ քամու ուժգնությունը հասնում է 180կմ/ժ-ի։
Չնայած, որ «Հեյշենը» չափազանց հզոր թայֆուն է համարվում՝ այն ուժգնությամբ չի գերազնացում նախորդին։ Նշվում է, որ ճապոնական օդերևութաբանական գործակալությունն այս անգամ վտանգավորության չափազանց բարձր մակարդակ չի հայտարարել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ափերին մոտեցող «Հեյշեն» հզոր թայֆունից պաշտպանվելու համար Ճապոնիայի հարավարևմտյան 6 պրեֆեկտուրայի ավելի քան 1,6 միլիոն բնակիչ անհապաղ տարհանման հրաման էր ստացել։
Ճապոնիայում 579 ներքին չվերթ է չեղարկվել, կանխատեսվում է, որ առանց հոսանքի են մնալու Կյուսյու շրջանի 464 հազար և Յամագուտի պրեֆեկտուրայի 47 900 տնտեսություն։
Հարավային Կորեայում թայֆունը վրա է հասել Ուլսան շրջանում, որտեղից նախապես առնվազն 1000 մարդ է տարհանվել, 10 օդանավակայանի ավելի քան 300 չվերթ չեղարկվել է։ Ուժգին քամու հետևանքով Կորեական թերակղզու հարավային շրջանում առանց էլեկտրաէներգիայի 5000 տուն է մնացել։










