«Ելիսեյան պալատը չէր կարող ԶԼՄ-ներին փոխանցել Պուտինի և Մակրոնի զրույցի ձայնագրությունը». Պեսկովը՝ Le Monde-ի աղմկահարույց հրապարակման մասին
Կրեմլում համոզված են, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը: Այս դիրքորոշումը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով երկու նախագահների բանակցությունների մասին ֆրանսիական Le Monde թերթում տեղ գտած հրապարակումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»:
«Միևնույն ժամանակ, թերթը բնավ ճշգրիտ չէ ներկայացված ձևակերպումների մեջ: Եվ արդարության համար պետք է նշել, որ դժվար թե կարողանար ճշգրիտ լինել, քանի որ դա կնշանակեր, որ մեր ֆրանսիացի գործընկերները դիտմամբ լրատվամիջոցներին են փոխանցել երկու նախագահների զրույցի ձայնագրությունը, որը չի համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: Համոզված ենք, որ դա այդպես չէ», -ընդգծել է Պեսկովը:
Նրա խոսքերով՝ Կրեմլի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ֆրանսիայի իշխանություններից դեպի լրատվամիջոցներ կարող էր առաջնորդների խոսակցության բովանդակության «արտահոսք» լինել:
«Մենք չենք կարող հավատալ, որ Ելիսեյան պալատից միտումնավոր, ռուսերեն ասած, երկու նախագահների զրույցի ձայնագրության արտահոսք է եղել: Սա Ֆրանսիան է: Ֆրանսիան չի կարող դա անել, մենք նույնիսկ չենք ուզում դրան հավատալ», -նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Le Monde պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը Մակրոնի հետ զրույցում չէր բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինքն է թույնը խմել: Դրան ի պատասխան՝ Նավալնին իր ֆեյսբուքյան էջում սարկազմով գրել է.«Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկերոջն ասել է. «Նավալնին, հնարավոր է, ինքն է կուլ տվել թույնը»: Լավ տարբերակ է: Կարծում եմ՝ դա արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության: Խոհանոցում «Նովիչոկ» պատրաստեցի: Ինթնաթիռում թաքումն շշից խմեցի: Կոմայի մեջ ընկա: Դրանից առաջ համաձայնության եկա կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ տեղափոխեն Գերմանիա բուժման, նրանք ոչ մի դեպքում թույլ չեն տա դա անել: Մեռնել Օմսկի հիվանդանոցում և հայտնվել Օմսկի դիահերձարանում, որտեղ կգրանցվեր մահվան պատճառը` «բավականաչափ ապրել է». դա է իմ խորամանկ ծրագրի վերջնական նպատակը: Բայց Պուտինը գերազանցեց ինձ: Նրան այդքան հեշտ չես խաբի: Արդյունքում ես հիմարի պես 18 օր կոմայի մեջ պառկած էի, բայց չհասա նպատակիս: Սադրանքը ձախողվեց»,-գրել է ռուս ընդդիմադիր գործիչը:
Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:










