«Լրատվամիջոցների կեղծ հավասարությունն անթույլատրելի է»․ Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Լոս Անջելեսի հայ ցուցարարներին
Ամերիկյան հանրահայտ System of a down ռոք խմբի վոկալիստ հայազգի Սերժ Թանկյանը թվիրթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի ցույցին, որի ժամանակ հայ ցուցարարաները կոչ են արել լրատվամիջոցներին չլռել և անաչառորեն մեկնաբանել ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները։
«Հպարտ եմ Լոս Անջելեսի իմ ժողովրդով։ Լրատվամիջոցների կեղծ հավասարությունն անթույլատրելի է։ Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ագրեսորներ են Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










