ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ Խաշոգջիի սպանության հարցով հայց է ներկայացվել
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն՝ Հաթիջե Ջենգիզը և Democracy for the Arab World Now (DAWN) իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ի Կոլումբիա շրջանի դատարան հայց են ներկայացրել Սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի դեմ՝ նրան մեղադրելով Խաշոգջիի սպանությանը մեղսակից լինելու համար, գրում է Fox News-ը։
Հայցվոր կողմը պնդում է, որ Washington Post-ի մեկնաբանը և իշխող միապետության այլախոհ Խաշոգջին «խոշտանգվել, սպանվել և մասնատվել է» Մուհամեդ բեն Սալմանի հրահանգով։
Մուհամեդ բեն Սալմանից բացի հայցը ներկայացվել է վերջինիս՝ ավելի քան 20 օգնականների և պաշտոնատար անձանց դեմ։
Հիշեցնենք, որ The Washington Post-ի թղթակիցն անհետացել էր 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Սաուդյան իշխանությունները միայն 2 շաբաթ անց էին խոստովանել, որ լրագրողն իբր վեճի հետևանքով սպանվել է:
Սկանդալային սպանությունը կապվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի անվան հետ:Ավելի ուշ հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:










