«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը զինի ագրեսորին». հույն վարչապետը ԵՄ բոլոր երկրներին խնդրել է զենք չվաճառել Թուրքիային
Հունաստանը դիմել է ԵՄ այլ երկրներին՝ խնդրելով ռազմական նշանակության նյութեր, սարքավորումներ չվաճառել Թուրքիային։
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը չորեքշաբթի Նիկոսիայում կայացած եռակողմ հանդիպման ավարտին, որին մասնակցում էին նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին:
Վարչապետն իր ելույթի ընթացքում հիշեցրել է, որ Հունաստանը համապատասխան նամակներ է ուղղել Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներին: Բացի այդ, Աթենքը դիմել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյիին՝ խնդրելով ամբողջովին կասեցնել ԵՄ մաքսային միության աշխատանքը Թուրքիայի հետ:
Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը՝ Հունաստանի իշխանությունները խնդրում են եվրոպական պետություններին այլև ռազմական սարքավորումներ չվաճառել Թուրքիային:
«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը փամփուշտով զինի ագրեսորին»,- ասել է հույն վարչապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










