Այն, ինչ մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար այլևս ընդունելի չէ, գոնե այս փուլում դիվանագիտական լուծման մասին խոսելն անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, պետք է մենք հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը:
Նա ընդգծեց՝ բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գնտել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված:
«Մենք բազմիցս ենք ասել՝ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստկամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ մեր նշադրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել լուծման պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար: Այն, ինչի հետ մենք համաձայն ենք, կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է այս փուլում», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլյացիային, իսկ առանց Արցախի չկա Հայաստան, մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ:
Անդրադառնալով Ռուսաստանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը: «Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի ու կա մշտական հաղորդակցություն։ Մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործակցել ենք ու փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար», - ասաց նա։
Իսկ թե ստեղծված իրավիճակում որն է մեր անելիքը, ըստ վարչապետի, մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան մեր ժողովրդի իրավունքների համար, Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա պետք է պայքարել մեր ժողվորդի իրավունքների համար:
«Իսկ ստեղծված պայմաններում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին: Այս պրոցեսը արդյունավետ և շարունակական կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև Ադրբեջանն ասում է՝ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի համաձայն չէ»,- նշեց նա:
Փաշինյանը շեշտեց՝ մենք դեռևս 90-ականների սկզբին ասել ենք ու ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան: «Հետևաբար պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Սա առաջին հերթին այսօր նշանակում է այն, որ մենք պետք է կռվենք հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի, ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին»,- հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս պրոցեսը պետք է կազմակերպվի և իրականացվի մեր ժողովրդի քաղաքական առաջնորդությունը: «Ես այսօր այս կոչը նաև ուղղում եմ առանց բացառության մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Այդ ջոկատները ձևավորման պահից պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ և իրականացնեն այն խնդիրը, ինչը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










