Հումանիտար հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին. ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը

23:50 • 25.10.20

23։57

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը։

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:


23։50

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ի 08:00-ին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հետևում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունից:

Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են արել քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր սա արդեն երրորդ անգամն է, որ հայտարարվում է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը երկու անգամն էլ խախտել է այն։