Ընթանում են ծանր մարտեր, ոչնչացվում են հակառակորդի դիվերսիոն խմբերը․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

21:59 • 25.10.20

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտեսիվ մարտական գործողությունները հյուսիսից մինչև հարավ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ, մի քանի գյուղերում՝ այդ թվում նաև Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում, երևացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներով շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասաց նա և նշեց, որ որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից:

«Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ, ինտեսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է նշանակում հաղթել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Ես նշել եմ, թե պատերազմը ինչ աստիճանի է, ինչ խնդիր է դրել Ադրբեջանի Զինված ուժերը Թուրքիայի հետ համատեղ, եթե սա մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել, որ հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը, հաղթելը նշանակում է հակառակորդի զինված ուժերին խնդիրներից զրկելը, հաղթելը սա է, ամեն մեկս կարող ենք մեզ այս հարցը տալ»,-ասաց նա: