Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատումը. Ժոզեպ Բորելն անընդունելի է անվանել Էրդողանի հայտարարությունները Մակրոնի մասին

16:29 • 25.10.20

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի են: Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ «Մակրոնը հոգեբանական խանգարումներ և բուժման կարիք ունի»:

«Այդ հայտարարություններն անընդունելի են: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատումը»,- գրել է դիվանագետը:

Վերջինս հավելել է, որ Եվրախորհուրդը մտադրություն ունի վերականգնել հարաբերությունները, սակայն դրա համար պահանջվում է թուրքական իշխանությունների կամքը: «Հակառակ դեպքում Թուրքիան էլ ավելի մեկուսացված վիճակում կհայտնվի»,- ընդգծել է Բորելը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիան որոշել էր խորհրդակցությունների համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին: