«Կանգնեցրե՛ք Էրդողանի ահաբեկչական ռեժիմը». Հալեպում հաջակցություն Արցախի մասշտաբային ակցիա է անցկացվել (տեսանյութ)

10:33 • 26.10.20

Սիրիայում բազմամարդ ակցիա է անցկացվել՝ ի աջակցության Արցախի:

Ռուսական Wargonzo նախագծի արաբական բաժնի կողմից ֆիքսված կադրերում երևում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում բնակիչները հավաքվել են՝ ի նշան Արցախի ժողովրդի հետ համերաշխության և միջազգային ահաբեկչության դեմ նրանց պայքարի: Այս մասին ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում:

«Կանգնեցրե՛ք Էրդողանի ահաբեկչական ռեժիմը»՝ այսպիսի ցուցանակներով Սիրիայի բնակիչները դուրս են եկել Հալեպի փողոցները՝ Արցախին աջակցելու համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ակցիան այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ  ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։

Բացման խոսքով, ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք:

Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։