Կեղծ բանակցային օրակարգ չենք ընդունում, ԵՄ–ից պահանջում ենք Արցախի հարցը չդիտարկել տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո. Արցախցի կանայք ԵՄ գրասենյակի դիմաց էին (տեսանյութ)
Արցախցի կանայք ցանկանում են նամակ ներկայացնել Եվրամիությանը, ընդգծելով, որ նամակում նշվում է այն գաղափարը, արժեհամակարգը ինչի շուրջ Եվրամիությունը միավորվել է և պնդում, որ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, Ադրբեջանին հեռացնեն «Արևելյան գործընկերության» շրջանակից և եթե ցանկանում են խաղաղություն՝ Արցախի անկախությունը ճանաչեն:
Արցախցի կանայք նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը կոչով դիմեց Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին։
«Դուք այսօր հանգիստ քնել եք, Ձեր տաք անկողնում, եվրոպական բարձր արժեքների գրկում, մեզանից ոչ ոք աչք չի փակել սպասելով հրադադարի, որն այս պահին թշնամու կողմից խախտվում է: Մենք մեկ ամիս չեն քնում կորցրել ենք տուն, բնակավայրեր, և որ ամենաանդառնալին է՝ մեր որդիներին, եղբայրներին, ամուսիններին, երեխաներին, մեր տարեցներին, ո՞վ է պատասխանելու մեր այս հարցին:
Այսօր անդամահատում են մեր ձեռքը, մեր ոտքը և արյունահոսող մարմնով մեզ ասում՝ նստեք բանակցային սեղան՝ ձեր դահիճների հետ: Մենք կեղծ բանակցային օրակարգ չենք ընդունում և Եվրոպական միությունից պահանջում են, որ Արցախի հարցը չդիտարկի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո, տարիներով մեզ ցեղասպանել են և նույնը կրկնվում է այսօր: Ինչո՞ւ եք լռում, ձեր լռությունը հանցավոր մասնակցություն է»,– ասաց Լիանա Ադամյանը:
Նրանք նշում են, որ իրենք իրականացնում են խաղաղ ցույցեր, և աշխարհը պետք է լսի արցախցի կանանց և երեխաների ձայնը:
Նրանց խոսքով՝ իրենք չեն լռելու մինչև իրենց ձայնը տեղ չհասնի և Հայաստանի ու Արցախի սահմաններին խաղաղություն չլինի:
Եվրոպական միության գրասենյակից Արցախցի կանայք նախաձեռնող խմբի անդամներին տեղեկացրեցին, որ վաղը ժամը 11:00-ին նախաձեռնող խմբին ընդունելու է դեսպանատան պատվիրակության ներկայացուցիչը:
Ակցիայի մասնակիցները ավարտեցին իրենց խաղաղ ցույցը, նշելով, որ վաղը կայանալիք հանդիպումից հետո կլինի մամլո ասուլիս և կներկայացնեն հետագա քայլերը և օրակարգը:










