Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կքննարկեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու քայլերի իրագործումն ու դրա ժամանակացույցը

00:38 • 26.10.20

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) հոկտեմբերի 25-ին հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Համանախագահները Վաշինգտոնում հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի և ԱԳ նախարարների համատեղ հանդիպմանը: Հանդիումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:  

Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրագործելու համար Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կնքված համատեղ հայտարարության դրույթները՝ հաշվի առնելով, որ դրանք վերահաստատվել են Փարիզի հետ հոկտեմբերի 18-ին ձեռք բերված պարտավորվածությամբ: Համանախագահները հիշեցրել են կողմերին 2020 թվականի հոկտեմբերի 1-ի  ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության, ինչպես նաև հոկտեմբերի 5-ի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել առարկայական բանակցությունները՝ ԼՂ հիմնախդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո լուծելու համար:

Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են մարդասիրական հրադադարի անհապաղ իրագործումը, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի հնարավոր չափանիշները, համապարփակ լուծման հիմնական առարկայական տարրերի քննարկման նախաձեռնումը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն: Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու և համաձայնության հասնելու, սկսելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված հիմնական սկզբունքների համապատասխան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերի իրագործումը, որի ժամանակացույցը պետք է համաձայնեցվի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 25-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։