Այս պատերազմի նպատակը ոչ թե Արցախն է, այլ ամբողջ Հայաստանը, խնդիր է դրված՝ իրականացնելու Քեմալի մեկդարյա վաղեմության ծրագիրը. Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)

16:07 • 26.10.20

Թուրքիային կարող է կարգի հրավիրել բացառապես երկու երկիր՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ն, ՌԴ-ն՝ իր զինուժի հզորությամբ, իսկ ԱՄՆ-ն՝ տնտեսական կարողությամբ և Թուրքիայի կախվածությունը հաշվի առնելով. կա հաշվարկ, որ 24 ժամում ՌԴ-ն միայն Հարավային ռազմական օկրուգի և Կասպյան նավատորմի ուժերով կարող է ադրբեջանական բանակին պարտության մատնել՝ առանց ոտք դնելու Ադրբեջանի տարածք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Այս պատերազմը նախապատրաստվել և ղեկավարվել է թուրքական գլխավոր շտաբի կողմից, ռազմավարական նշանակության քաղաքական որոշումները ևս ընդունվել են Անկարայում և փոխանցվել Բաքու: Հակազդեցությունը ՌԴ-ից և Իրանից բավարար չէր, այդ հանգամանքից Թուրքիան օգտվում է՝ Հարավային Կովկասում իր ագրեսիվ արկածախնդրությունն անարգել իրականացնելով»,- ասել է գիտնականը:

Ըստ Սաֆրաստյանի՝ ՌԴ-ն հիմա ներքաշված է այնպիսի խնդիրների մեջ՝ Նավալնի, Բելառուս, Ղրիմ, արևմտյան պատժամիջոցներ, որ դժվար է նոր ճակատ բացելը. «Այս պայմաններում Թուրքիան շատ թե քիչ ընդունելի գործընկեր է ՌԴ-ի համար, այդկերպ ռուսները հակակշռում են Արևմուտքի ճնշմանը: ՌԴ-ն ակտիվ գործում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նրա միջնորդական ջանքերը գնահատելի են: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, քանի որ դրանք պետք է լինեն կոնսենսուսի հիման վրա»:

Ակադեմիկոսի կարծիքով՝ ռուս-թուրքական մեծ գործարքները՝ Ս-400 համակարգերի վաճառքը, Աքոյույի ատոմակայանի կառուցումը, վկայում են, որ այս երկրները ոչ միայն մրցակցություն, այլև ընդհանուր շահեր ունեն, որոնցով հակազդում են Արևմուտքին՝ յուրաքանչյուրն իր նպատակից ելնելով. «Թուրքիան 1914-ին հարձակվեց Կովկասի վրա, տեղի ունեցավ Սարիղամիշի ճակատամարտը, ապա՝ 1918-ին, 1920-ին, 1941-42-ին զինուժը կուտակել էր Հայաստանի և Վրաստանի սահմանին, 1992-93-ին հնչում էին Հայաստանի նկատմամբ ուղղակի սպառնալիքներ: Այդ ժամանակ մարշալ Շապոշնիկովը զանգեց Անկարա և ասաց՝ եթե ներխուժեց Հայաստան, դրան կհետևի երրորդ համաշխարհային պատերազմը: Այսօր Թուրքիան շատ ավելի մեծ հավակնություններ ունի, քան այն ժամանակ»:

Ռուբեն Սաֆրաստյանի պնդմամբ՝ Թուրքիային չի հաջողվի մեր տարածաշրջանում հասնել նպատակին, նա չի ուժեղացնի իր ազդեցությունը, թեև Ադրբեջանում ու Վրաստանում այն զգալի է. «Իրանն է փորձում հեռու մնալ նման նախաձեռնություններից, դարեր ի վեր թուրք-իրանական հարաբերությունները լարված են եղել: Ավանդական պանթուրքական ծրագրերը վերջին հարյուր տարում չեն փոխվել, այն է՝ միացնել Նախիջևանն Ադրբեջանին, բայց հայ ժողովուրդն ու Հայաստանը խանգարում են նրանց՝ իրականացնելու դա: Այս ագրեսիվ պատերազմի հիմնական նպատակը ոչ թե Արցախն է, այլ Հայաստանը, խնդիր է դրված՝ իրականացնելու Քեմալի մեկդարյա վաղեմության ծրագիրը»:

Գիտնականի պնդմամբ՝ թուրքական մտածելակերպը կայսերական մնացուկներ ունի, սիրում է հենվել պատմական սիմվոլների վրա: «1920-ի աշնանը Կարաբեքիրի հրոսակներին դիմակայում էր մեր բանակը, որում գործում էր բոլշիկյան քարոզչամեքենան, բացի այդ՝ ցեղասպանություն էինք վերապրել: Հիմա մեր բանակն անկախ պետության բանակ է, հաղթահարել է ցեղասպանվածի բարդույթը, այն որակապես այլ է»,- ամփոփել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսը:



Դավիթ Սարգսյան