Սիրիայի հյուսիսում ռուսական ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարը. SOHR-ը հայտնել է 21 զոհի, տասնյակ վիրավորների մասին (լուսանկարներ)

16:01 • 26.10.20

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) տեղեկություններ է հրապարակել է երկուշաբթի Սիրիայի հյուսիսարևելյան Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Զավիյա շրջանում ռուսական օդատիեզերական ուժերի ավիահարվածների հետևանքով զոհերի մասին, գրում է syriahr.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ նախնական տվյալների՝ հարվածների հետևանքով զոհվել է 21 զինյալ, վիրավորվել է ավելի քան 40 մարդ։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մեծ է ծանր վիճակում գտնվող վիրավորների, ինչպես նաև փլատակների տակ մնացած անձանց թիվը։ 

Մինչդեռ almasdarnews.com կայքի փոխանցմամբ՝  ավիահարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է Սալկին գյուղի մոտակայքում թուրքական ուժերի կողմից աջակցվող վերապատրաստման ճամբարը։ Այս աղբյուրի համաձայն՝ ռուսական ուժերն այստեղ Թուրքիայից աջակցություն ստացող ավելի քան 100 զինյալ սպանվել և վնասվածներ է ստացել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին։

Նշվում է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջին ժամանակներն ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ և Հալեպ նահանգներում։

Անցած հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։