Լուկաշենկոն պահանջել է բուհերից հեռացնել չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցող ուսանողներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է համալսարաններից հեռացնել չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցող ուսանողներին․ այս մասին այսօր հայտնի է դարձել Համաբելառուսկան ազգային հավաքի նախապատրաստական աշխատանքների հարցերով հրավիրված նիստի ժամանակ, գրում է eadaily.com կայքը։
«Ուսանողնե՛ր, եկել եք սովորելու՝ սովորեք։ Ով ցանկանում է, թող սովորի։ Ով չարտոնված բողոքի ակցիայի մասնակցելով օրենքի խախտման է եկել, նա կզրկվի ուսանող լինելու իրավունքից։ Խնդրում եմ, ինչպես ես եմ ասել, նրանցից ոմանց ուղարկեք բանակ, ոմանց էլ փողոց։ Թողեք փողոցներով քայլեն, բայց նրանք համալսարանից պետք է հեռացվեն»,- նշել է Բելառուսի ղեկավարը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է նաև դասախոսներին, որոնք «համալսարաններում իրենց վատ են դրսևորում»։
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն կրկին հիշեցրել է, որ որևէ մեկին «խնդրել կամ համոզել» պետք չէ, քանի որ դա անօգուտ է։
«Թողեք՝ նրանք որոշեն՝ որտեղ են ցանանում ապրել, ինչպես են ցանկանում ապրել և ինչ են ցանկանում անել»,- հայտարարել է նա և դիմել ուսանողների և աշակերտներ ծնողներին՝ պահանջելով իրենց երեխաներին հեռացնել փողոցներից, «որպեսզի հետո ցավոտ չլինի»։
«Իսկ մնացածի հետ օրենքի ամբողջ խստությամբ գործ կունենանք»,- զգուշացրել է Լուկաշենկոն:










