Դեռ անցած տարի մի անգամ ասել էր՝ «եթե ես Արցախ գնամ ու կյանքս ընկերներիս տալու պահ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ»․ քույրը՝ նահատակված Գևորգ Կիրակոսյանի մասին
Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված 24-ամյա Գևորգ Կիրակոսյանը ՌԴ քաղաքացի էր, նա կարող էր իր ծառայությունը Ղրիմում անցնել, սակայն վերջին պահին մերժել է, ասալ՝ ես օտար հողում չեմ ուզում ծառայել, ես պիտի գնամ ու հենց Արցախում ծառայեմ: Գևորգը նվիրվել է հայրենիքին, կյանքով պահել սահմանն ու ընկերներին:
Tert.am-ի հետ զրույցում Գևորգի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը պատմեց, որ ընտանիքը սկզբում առարկել է Գևորգի՝ Արցախում ծառայելու որոշումը, քանի որ նա պետք է մագիստրատուրա ընդունվեր, սակայն բոլորին հակառակ գնալով՝ Գևորգը մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, լեյտենանտի կոչում ստացել և մեկնել Մատաղիս, ծառայության մեկ տարին օգոստոսին էր լրացել:
Գևորգը Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2-րդ դպրոցն է ավարտել, այնուհետև սովորել է Ալավերդու ուսումնարանում, տեղափոխվել ՌԴ Ռոստով քաղաք, սովորել Հարավային դաշնային համալսարանի (ЮФУ) Իրավաբանական ֆակուլտետում:

Գևորգը երեք քրոջ միակ եղբայրն էր, ամենափոքրը, նրանց մեջ տարիքային տարբերությունը մեծ էր: Ընտանիքի ամբողջ սերը Գևորգին են տվել, քույրն ասում է՝ չարաճճի, համով ու աշխույժ երեխա էր, կատակասեր, իսկ իր ընկերասիրության մասին բոլորն են խոսում: «Ընկերասիրությունն իր մոտ այն աստիճանի վրա էր, որ դեռ անցած տարի, երբ Վազգեն Սարգսյանի ինստիտուտում էր սովորում, մորաքրոջս ասել էր՝ եթե ես Արցախ գնամ ու կյանքս ընկերներիս տալու պահ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ»:
Այս տարի հունիսի 5-ին պետք է տեղի ունենար Գևորգի և իր սիրած աղջկա նշանադրությունը, սակայն համավարակը պլանները խառնել էր. այդ երազանքն այդպես էլ չիրականացավ: Վերջին անգամ տուն էր եկել պատերազմից մի շաբաթ առաջ: Եկել էր, համապատասխան փաստաթղթեր ներկայացրել ՀՀ Ոստիկանական ակադեմիայի մագիստրատուրա ընդունվելու համար, բայց քննությունները չհասցրեց տալ:
«Պատերազմի սկսվելու առաջին օրը Գևորգը քրոջս տանն էր, ինձ խնդրել էր, որ իր համար մի քանի բան պատրաստեմ, զանգեցի, ասացի՝ պատրաստում եմ, Գև ջան, արի, ասաց՝ լուրերը չե՞ս հետևել, պատերազմ է, ես գնում եմ Արցախ, կգամ, որ ձեզ հաջող անեմ: Երբ եկավ, ասացինք, որ գոնե մի կտոր հաց ուտի, ասաց՝ չէ, երեխեքս՝ զինվորներս (Գևորգը ԿԱԴ-ի հրամանատար էր) զանգել են, ասում են հասի: Ուտելիքի պատառը կիսատ թողեց ու գնաց»,- պատմեց քույրը և հավելեց, որ Գևորգին զինվորները «Կամանդոր» էին անվանում։

Էլզան նշում է, որ Գևորգի անասելի սիրված լինելը մինչ այսօր երևում է, մեծ անուն է թողել, բոլորը սգում են։ Գևորգը բլորին օգնության էր հասնում, բոլորի համար պատրաստ էր ամեն ինչ անել, ինչպես հայրենիքի համար արեց․ «Մի անգամ, երբ հորաքրոջս տուն է գնացել, հորաքույրս ասել է՝ կգնայիր, Ռուսաստանում խելոք կծառայեիր, ինչի՞ եկար, Գևորգը մեր բարբառով պատասխանել է՝ հոքոր ջան, որ չիմս տապ անենք, բա թուրքը գա, քեզ քո տանը սպանի՞, ես տապ կացող տղա չեմ: Այդպես էլ արեց: Մեզ հասած տեղեկություններով՝ նա իր առաջին կամավորական ջակատը տարել է առաջնագիծ, հաջողությամբ իջել: Իր զինակիցները պատմում են, որ այդ ժամանակ Գևորգը զենքը ձեռքին պարելով է կռվել, արժանի հրամատար է եղել: Երկրորրդ խմբի հետ բարձրացել են առաջնագիծ՝ ինժեներական աշխատանքներ կատարելու, այդ ժամանակ թշնամու կողմից թիրախավորվել են, նրանց նահանջի հրաման է տրվել: Նահանջը կազմակերպելու ընթացքում, երբ ջոկատի մեծ մասին արդեն տեղավորել էր, Գևորգը մի քանիսի հետ առաջնագծում է եղել և հակառակորդի կողմից պայթյուն է ուղղվել նրանց կողմ, Գևորգն իր մարմնով փակել ու փրկել է զինակիցներին»:
Գևորգը քրոջը վերջին անգամ զանգել է կռվի ընթացքում, ասել, որ ամեն ինչ լավ է: Մինչև Արցախ մեկնելը՝ Էլզան Գևորգի հետ իր թխած խմորեղենն է ուղարկել, կռվի թեժ կետից զանգել է, ասել՝ «խմորեղենդ էնքան համով էր, համը բերանումս ա մնացել, որ գամ, ինձ համար էլի կթխե՞ս: Գնալուց առաջ էլ ասել էր՝ ես գնում եմ, որ ուրիշ ապոներ իրանց քրերին հասնեն. ինքը մեզ չհասավ, գոնե ուրիշները հասնեն։»
Էլզան նշում է՝ Գևորգի բացակայությունը բոլորն են զգում, բայց զինակիցներից մեկն ասել է՝ գնալու եմ, Գևիս կիսատ թողած գործը շարունակելու, ավարտին հասցնելու:










