Հայ ժողովրդին հարցրե՞լ ենք՝ արդյոք պատրա՞ստ են որևէ փոխզիջման, այն էլ՝ ցավոտ. Աննա Կոստանյան (տեսանյութ)

17:23 • 27.10.20

Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա էլ պատրաստ չէ փոխզիջման, ինչպես ենք հայտարարում հայ ժողովրդին ցավոտ փոխզիջումների պատրաստակամության մասին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Մեր ճկունությունը, կառուցողականությունը բոլորովին հետաքրքիր չեն, մենք ագրեսորի հետ փոխիզջման և կառուցողական լեզվով այս իրավիճակում իրավունք չունենք խոսել»,-ասաց նա և նշեց, որ այսօր ագրեսորի հետ իրավունք չունենք ծնկածի դիրքերից խոսելու:

«Հայ ժողովրդին՝ մեծից փոքր, ջահել ու ահել, մեր ու մանուկ հարցրե՞լ ենք արդյոք՝ պատրա՞ստ են որևէ փոխզիջման՝ հետն էլ ցավոտ և ինչի՞ դիմաց, իսկ որդեկորույս մայրերը, հայրերը, քույրերը ու եղբայրները պատրա՞ստ են հայրենի հողի վրա թափված զավակի արյունը կորցնել ու հանուն ինչի՞»,-ասաց նա:

Աննա Կոստանյանը նշեց, որ դավաճաններ փնտրել պետք է լուռ, ոչ հրապարակավ, որովհետև դավաճաններ ունենալու միտքը միայն հուսալքում է, մաշում է և կոտրում հաղթական ոգին, մարդկանց մեղադրելն էլ ամենահեշտն է: