ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ՝ պահանջելով հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պարտավորվածություններին

18:36 • 27.10.20

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Պետքարտուղարության կայքը, Պոմպեոն ճնշում է գործադրել առաջնորդների վրա՝ կոչ անելով հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պարտավորվածություններին և հետևել ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորման հասնելու սկզբունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Պետքարտուղարը շեշտել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա ընդգծել է Մոսկվայում հոկտեմբերի 1-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության իրականացման կարևորությունը, որը վերահաստատվել է հոկտեմբերի 17-ին Փարիզի կողմից արված հայտարարությամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ Կառավարությունն էլ տեղեկացնում է, որ վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1009 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։