Բարձր տեխնոլոգիական ռազմական սարքավորումներ ունենալը դեռ չի նշանակում այն ճիշտ օգտագործել. ակնհայտ է, որ ադրբեջանցիները զգալի խորհուրդներ են ստանում Թուրքիայից. Financial Times

21:35 • 28.10.20

Հեղինակավոր Financial Times պարբերականը ծավալուն հոդվածով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ նշելով, որ մինչ Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել էր Մոսկվա բանակցությունների՝ փորձելով հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել, ադրբեջանական զորքերը առաջ էին ընթանում՝ նոր թիրախներ խոցելով ԼՂՀ տարածքում:

Աղբյուրը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը շարունակել են խախտել հրադադարը նաև հաջորդ պայմանավորվածությունների ժամանակ:

«Աջակցություն և ռազմական սպառազինում, ինչպես նաև թուրքական և իսրայելական անօդաչուներ ստանալով՝ Ադրբեջանի բանակն առաջխաղացումներ է ունենում՝ վնաս հասցնելով հայկական ուժերին»,- գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով Բրիտանական թագավորական ծառայությունների ինստիտուտի հետազոտող Ջեք Ուոլթինգի կարծիքը, որ «մի կողմը կռվում է ժամանակակից սպառազինմամբ, մինչդեռ մյուսը՝ ոչ»: 

Հոդվածի հեղինակը նշում է, որ միջազգային դիտորդների բացակայությունը թույլ չի տալիս ճիշտ պատկերացում կազմել սահմանային տարածքների վերահսկողության մասին, որոնք ռմբակոծվում են Ադրբեջանի կողմից:

«Միլիարդավոր դոլարներ աշխատելով նավթի և գազի վաճառքից՝ Ադրբեջանն անցյալ տասնամյակի ընթացքում իր ռազմական ծախսերը հասցրել է 24 մլրդ դոլարի՝ ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի տվյալների: Հայաստանը 4.7 մլրդ դոլար է ծախսել նույն ժամանակահատվածում: Բարձր տեխնոլոգիական ռազմական սարքավորումներ ունենալը դեռ չի նշանակում այն ճիշտ օգտագործել: Հաշվի առնելով այն ճշտությունը, որը նրանք այժմ ցույց են տալիս, ակնհայտ է, որ ադրբեջանական կոմղը նշանակալի խորհուրդներ է ստանում Թուրքիայից»,- շեշտում է հոդվածի հեղինակը՝ դարձյալ մեջբերելով Ուոլթինգի վերլուծությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն: